Ընկերական հանդիպում են ունեցել Իսպանիայի ու Կոլումբիայի ֆուտբոլի ընտրանիները: Մուրսիայում կայացած խաղում հաշիվը բացել են տանտերերը (Դավիդ Սիլվա): Մինչև ընդմիջում կոլումբիացիները կարողացել են վերականգնել հաշվի հավասարությունը: Երկրորդում դերերը փոխվել են: Ֆալկաոն առաջ է մղել իր ընտրանուն, և միայն մրցավարի եզրափակիչ սուլոցից առաջ են իսպանացիները խփել պատասխան գոլը: Հեղինակը Մադրիդի «Ռեալը» ներկայացնող Ալվարո Մորատան է, որն այս ամռանը, ամենայն հավանականությամբ, կլքի «արքայականը», ինչի կապակցությամբ էլ Զինեդին Զիդանը ակումբի ղեկավարությանը խնդրել է ֆուտբոլիստի հեռանալու դեպքում դիտարկել նոր հարձակվող ձեռք բերելու հարցը:
Ի միջի այլոց, այս խաղից հետո շոշափվել է «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստայի հարցը. և նախաձեռնողը եղել է ֆուտբոլիստը: Ի մասնավորի նա հայտարարել է, որ ինքը հաղորդագրություն է ստացել Կոնտեից, որտեղ պարզորոշ ասվել է, որ մարզիչը հետաքրքրված չէ նրա ծառայություններով. «Եթե նա ինձ չի տեսնում թիմում, ես կփնտրեմ նոր ակումբ: Վերադարձ «Աթլետիկո՞»: Վատ չէր լինի, սակայն դրա շուրջ հարկ է լրջորեն մտածել: Հաջորդ մրցաշրջանը նախորդելու է աշխարհի առաջնությանը, ու ես չեմ կարող 3-4 ամիս չխաղալ»:
Քանի որ, այսպես թե այնպես, անդրադարձանք ֆուտբոլիստների հնարավոր տեղափոխությունների հարցին, ասենք, որ «Լեստերի» կիսապաշտպան Ռիադ Մարեզի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնը», ու դա ավելի շատ ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Վալվերդեի նախաձեռնությունն է: Սակայն նույն Մարեզով հետաքրքրված է և «Չելսին»: Ի դեպ, լեստերյան ակումբի ղեկավարությունն արդեն իսկ կողմնորոշվել է ֆուտբոլիստի վաճառքի գնի հարցում, որը լավ էլ կլորիկ գումար է՝ 40 միլիոն եվրո:
Վերադառնալով ընկերական հանդիպումներին` հիշատակենք նաև Իտալիա-ՈՒրուգվայ դիմակայությունը: Ֆրանսիայում կայացած մրցակցությունում ուժեղ են եղել իտալացիները՝ խաղը շահելով երեք անպատասխան գնդակի առավելությամբ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ